Որոնում

534

1. Այս կարճ կյանքի մեջ ինձ համոզեցիր,
Որ Սեր ես անհուն, օրհնյալ Քրիստոս,
Եվ Քո կամքով էր, որ ինձ ընտրեցիր
Որպես Քեզ եղբայր, լուսե Քրիստոս։
Բարձրյալի Որդի, ինձ համոզեցիր,
Որ միայն Դու ես իմ Բարեկամը,
Առաջին օրից քիմքիս թողեցիր
Քաղցր խոսքերիդ մեղրաբույր համը։

2. Աստծո Որդի, ինձ համոզեցիր,
Որ միայն Դու ես տերերի Տերը,
Խավար սրտիս մեջ լույսդ վառեցիր
Ու ինձ ասացիր` հենց ես եմ սերը։
Իմ խաչյալ Հիսուս, ինձ համոզեցիր
Անցնող աշխարհի ունայնությունը,
Մեղքերս առար, խաչիդ գամեցիր՝
Քեզ հետ բերելով մեծ հաղթությունը։

3. Հարուցյալ Հիսուս, ինձ համոզեցիր,
Որ միայն Դու ես ճամփան ու կյանքը,
Հոգովդ իմ մեջ նոր սիրտ դրեցիր`
Դարձնելով ինձ Աստծո ժառանգը։
Ով իմ Սուրբ Հիսուս, ինձ համոզեցիր,
Որ Դու ես, Դու ես հացը երկնային,
Հոգովդ հոգուս աչքը բացեցիր,
Որ տեսնի փառքը Քո աստվածային։

4. Թանկագին իմ Տեր, ինձ համոզեցիր,
Որ ես առանց Քեզ ապրել չեմ կարող,
Քեզանով վառվող այսօրվա լույսս
Առանց Քեզ մի խեղճ ճրագ է մարող։
Հիմա էլ կրկին ինձ համոզում ես,
Որ Դու իմ Հայրն ես ու Պահապանս,
Միշտ համոզում ես ու միշտ ուզում ես,
Որ մնամ Քո մեջ՝ իմ սուրբ Տապանում։