Որոնում

680

1. Արթնացա մի օր Քո իսկ պարգևած արևի շողից
Ու հանդիպեցի ինձ մահի տանող ահեղ փորձության,
Բայց բարի սիրտդ, հոգատար ձեռքդ խղճաց ինձ վերից
Եվ փայփայելով ու մեղմ շոյելով` տարավ փրկության: 

    Այդքանից հետո էլ ո՞ւր գնամ ես, Հա՛յր իմ գթառատ,
    Եվ արցունքներով ինչպե՞ս չլվամ վերքը ոտքերիդ,
    Աղաչում եմ Քեզ, ինձ մի՛ թույլատրիր կյանք շքեղ, առատ,
    Եթե մարմինս նորից կդառնա տաճար կուռքերի:

2. Այդ օրից ի վեր մի փափագ ունեմ, Փրկի՛չ, սիրելի՛ս,
Հասնեմ Գողգոթա, ծնկաչոք փարվեմ ոտքերիդ գամված
Հայացքս ուղղեմ տառապած դեմքիդ, Հիսո՛ւս, սիրելի՛ս,
Ու Քո մեջ տեսնեմ նվաստիս անձը՝ մեղքից ազատված:

3. Եվ ահա կրկին Քո առջև գալով` թույլ ու անկարող,
Կուզեմ ամեն օր իմ աղաչանքը Քեզ հայտնի լինի:
Հավատք ու սեր եմ խնդրում Քեզանից, Ամենակարո՛ղ,
Որ չմոռանամ արյանդ գործը, Հիսո՛ւս պաշտելի: (2)